Գազայի հատված օգնություն տանող թուրքական նավի դեմ Իսրայելի զինուժերի կողմից իրականացրած գործողություններից հետո առաջացած թուրք-իսրայելական լարված հարաբերությունների ֆոնին Թուրքիայում Իսրայելի հետ առկա ռազմական հարաբերությունների խզման հարցում տարբեր հայտարարություններ են հնչում:

Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության փոխնախագահ Օմեր Չելիքը հայտարարել է, որ Իսրայելի հետ կնքած բոլոր համաձայնագրերը, այդ թվում` ռազմական համաձայնագրերը,  կարող են չեղյալ համարվել:  Օմեր Չելիքի այս հայտարարությանը արձագանքել է Թուրքիայի պաշտպանության նախարար Վեջդի Գյոնուլը՝ նշելով որ հիշյալ խնդիրը պետք է կարգավորի արտգործնախարարությունը:  Իր հերթին՝ արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ այդ խնդիրը կախված է Իսրայելի հետագա դիրքորոշման հետ:

«Արդարություն եւ զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Բեքիր Բոզդաղի խոսքով` Իսրայելի հետ ստորագրած համաձայնագրերը կարող են դադարեցվել կամ չեղյալ հայտարարվել միայն նախարարների խորհրդի որոշմամբ:

Իսկ ահա թուրքական ռազմական արդյունաբերության աղբյուրները նշել են, որ չի կարող խոսք լինել Իսրայելի հետ ստորագրված համաձայնագրերի չեղյալ հայտարարելու մասին, քանի որ Թուրքիան ստիպված կլինի մեծ տուգանքներ վճարել: