Գերմանիայի դաշնային դատախազը լրագրողների հետ զրույցում հաստատել է, որ երկրի արտաքին հետախուզության գործակալը կալանավորվել է ԱՄՆ-ի ԱԱԳ-ի օգտին լրտեսության լուրջ կասկածանքով։
Ըստ Deutsche Welle-ի` հարացաքննության ընթացքում կասկածյալը հայտնել է, որ զբաղվել է բունդսթագի հատուկ կոմիտեի աշխատանքի մասին տեղեկություններ հավաքելով` Գերմանիայում ԱԱԳ-ի գործունեության քննությամբ: Դաշնային դատախազի պաշտոնական ներկայացուցիչը հրաժարվել է մամուլին այլ մանրամասներ հայտնելուց:
Գերմանիայի կանցլերի ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը հաստատել է, որ Անգելա Մերկելը եւ հետախուզական կոմիտեի անդամները տեղյակ են գործից: Կանցլերի աշխատակազմը մտադիր է սպասել քննության ավարտին` որեւէ գործողություն ձեռնարկելուց առաջ, որոնք, ըստ Զայբերտի, ստացված տեղեկության հաստատման դեպքում «շատ լուրջ» կլինեն: Դեռ հայտնի չէ, Անգելա Մերկելը եւ Բարաք Օբաման քննարկել են արդյոք ստեղծված իրավիճակը նախօրեին կայացած հեռախոսազրույցի ժամանակ:
Հունիսի 3-ին գերմանացի խորհրդարանականների առաջ ելույթ էր ունեցել ԱԱԳ-ի նախկին տեխնիկական տնօրեն Ուիլյամ Բինին: Բինին ԱԱԳ-ն, որտեղ աշխատել է 30 տարի, անվանել էր «տվյալներ հավաքող տոտալիտար մեքենա», փոխանցում է RT-ն:
Ըստ Բինիի, երբ ինքն աշխատել է ԱԱԳ-ում, այդ գերատեսչության կապերը ՀԴԾ-ի եւ ԳԴՀ-ի հետախուզության հետ շատ սերտ են եղել: Իսկ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հեռախոսը գաղտնալսելու աղմկահարույց սկանդալի կապակցությամբ Բինին հայտարարել է, որ գաղտնալսումն իրականացվել է Մերկելի «մտքերի եւ գործերի մասին ավելի լավ պատկերացում ստանալու» նպատակով: Ստացված տվյալները կարող էին օգտագործվել նաեւ երկու երկրների հարաբերություններում որպես ԳԴՀ-ի վրա ազդելու լծակ», - հայտարարել է Բինին:





























