Հնդկաստանի կառավարությունը որոշել է ֆուագրայի ներկրման արգելք սահմանել՝ կենդանիների իրավունքների պաշտպանների բողոքների պատճառով, ովքեր պնդում են, որ հայտնի դելիկատեսը անմարդկային եղանակով է պատրաստվում։

Իսպանական El Pais թերթը, վկայակոչելով Հնդկաստանի միջազգային առեւտրի վարչության կայքում տեղադրված հաղորդագրությունը, հայտնում է, որ  կենդանիների պաշտպանները զայրացած են ֆուագրա պատրաստելու միջոցից, որի համար օգտագործվում է թռչունների համար ցավոտ հարկադրական  սնուցման մեթոդը:

«Ֆուագրայի ներկրման քաղաքականությունը փոխվում է «արգելված է»-ի», - ասվում է գերատեսչության հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ ֆուագրան բադի կամ սագի  հատուկ պատրաստված լյարդն է, որոնք կերակրվել են հատուկ սննդակարգով: Թռչուններին ֆուագրայի համար կերակրելու նպատակը անբնական յուղոտ եւ մեծ լյարդ ստանալն է, փոխանցում է  RT.ru-ն:

Հնդկաստանն առաջին երկիրն է, որն արգելել է ֆուագրայի ներկրումը: Վերջին տասնամյակներում Եվրոպայի 17 երկիր հավանություն է տվել ֆուագրայի արտադրության վրա վետո դնող օրենքին, սակայն ներկրման արգելքի մասին ոչ մի երկրում խոսք չի եղել: