Իսրայելում, hուլիսի 7-14-ը կկայանան հայ մշակույթի օրեր:

Մշակույթի օրերի ծրագրով նախատեսվում են «Բարեկամություն» Հայաստանի պարարվեստի պետական համույթի, «Կադանս» երաժշտական անսամբլի, Ինգա եւ Անուշ Արշակյանների համերգները Թել Ավիվում եւ Հայֆայում, նաեւ կբացվի հայ պատմամշակութային ժառանգությանը նվիրված լուսանկարչական եւ ձեռագործ աշխատանքների (բատիկա) ցուցահանդեսը:

Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մշակույթի օրերի ընթացքում «Բարեկամություն» Հայաստանի պարարվեստի պետական համույթը Իսրայելի Կարմիել քաղաքում կմասնակցի միջազգային փառատոնի:

Մշակութային պատվիրակությունը կգլխավորի ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Այցի ընթացքում ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը հանդիպումներ կունենա Իսրայելի Կնեսետի խոսնակ Իոել Էդելշտեյնի, Կնեսետի պատգամավորների, Իսրայելի արտաքին գործերի նախարարի տեղակալի, Իսրայելի մշակույթի եւ սպորտի նախարար Լիմոր Լիվնատի, Թել Ավիվի եւ Նազարեթի քաղաքապետերի հետ:

Պաշտոնական հանդիպումներին կմասնակցեն նաեւ Իսրայելում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Մելքոնյանը (նստավայրը` Կահիրե) եւ Իսրայելում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Ցոլակ Մոմջյանը:

Նախատեսվում է այցելություն Երուսաղեմի Հայոց պատրիարքարան եւ հանդիպում հայ համայնքի հետ:

Հանդիպումների ժամանակ կքննարկվեն հայ-իսրայելական մշակութային համագործակցության ապագա ծրագրերը, կնախանշվեն ոլորտային համագործակցության նոր ուղղությունները եւ կհստակեցվեն 2015 թ. երկկողմ համագործակցության ծրագրերը: