Նախկինում «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» կոչվող «Իսլամական պետություն» խմբավորման սուննի զինյալները ոչնչացրել են իրենց կողմից զավթված Իրաքի հյուսիսում գտնվող Մոսուլ քաղաքի մի շարք տաճարներ ու հուշարձանային համալիրներ, հաղորդում է «Ալ-Արաբիա» հեռուստաընկերությունը:
Հեռուստաալիքի փոխանցմամբ, Իրաքի հյուսիսային նահանգ Նայնավայի մայրաքաղաքի հյուսիսային շրջաններից մեկում առնվազն 4 սուննիական հուշարձանային համալիրներ, ինչպես նաեւ 6 շիայական մզկիթներ են ավիրվել: ԻՊ խմբավորման ակտիվիստների կողմից համացանցում հրապարակված լուսանկարներում երեւում է՝ ինչպես են ոչնչացվում մուսուլմանական սրբազան շինությունները բուլդոզերների, ինչպես նաեւ պայթուցիկ նյութերի կիրառմամբ:
Տեղացի բնակիչները հեռուստաալիքին պատմել են, որ ներկա պահին ԻՊ զինյալները շրջափակել են նաեւ երկու քաղաքային տաճարները:
«Մենք շատ ենք վշտացել, որ մեր հայրերից ու նախահայրերից ժառանգված այդ սրբությունները ոչնչացվել են», - հեռուստաալիքին հայտարարել է տղամարդը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Մինչեւ վերջերս Սիրիայում պատերազմող «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» սուննի խմբավորումը, հունիսի կեսերին գլխավորել է Իրաքի հյուսիսային եւ հարավային շրջանների վրա հարձակումը:
Շաբաթվա ընթացքում զինյալներին հաջողվել էր գրավել Իրաքի տարածքի զգալի մասը, ներառյալ Իրաքի երկրորդ մայրաքաղաք Մոսուլը, Սալահ-էդ-Դին նահանգի մի մասը Տիկրիտ քաղաքի հետ:





























