Քալիֆորնիա նահանգում ոստիկանը վայր է գցել արգելված վայրում փողոցն անցնող կնոջը եւ դաժան ծեծի ենթարկել նրան, շաբաթ հաղորդում է «USA Today»-ը:

Միջադեպը տեղի է ունեցել Լոս-Անջելեսի №10 մայրուղու վրա: Կինը փողոցը հատել է արգելված վայրում, երբ նրան է մոտեցել ճանապարհային ծառայության աշխատակիցը: Վիդեոգրանցող սարքի ձայնագրությունում, որը ցուցադրել են տեղական հեռուսատեսությամբ, երեւում է, որ ոստիկանը բռնել է կնոջ ձեռքերից, նրան հրել գետնին, բռունցքներով մի քանի հարված հասցրել դեմքին ու գլխին: Նրան օգնության է հասել քաղաքացիական հագուստով ոստիկանը, ով ծառայության մեջ չէր գտնվում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Այս պահին հայտնի է, որ, նա մայրուղին հատում էր՝ իրեն ու երթեւեկության մյուս մասնակիցներին վտանգի ենթարկելով»,- ասել է տեղական ոստիկանության ներկայացուցիչ Քրիս Օուքվինը: Նրա խոսքով՝ կնոջ հետ ամեն ինչ կարգին է, նրան հետազոտում են հոգեբանները: Ոստիկաններին տարօրինակ է թվացել, որ նա փողոցը հատում էր աշխույժ հատվածում, նշել է Օուքվինը:

Քալիֆորնիայի ճանապարհային ոստիկանության վարչությունում նշել են, որ հետաքննություն են վարում: Հետաքննության ընթացքում ոստիկանը, ով ուժ է կիրառել, աշխատանքից հեռացվել է:

Իրավիճակը բարդանում է նրանով, որ տուժողն անօթեւան աֆրոամերիկուհի է, իսկ ոստիկանը սպիտակամորթ է: Ռասսայական ենթատեքստով նման միջադեպերը հաճախ ԱՄՆ-ում հանրության ուշադրության կենտրոնում են հայտնվել եւ մարդու իրավունքների պաշտպանների կողմից խիստ քննադատության արժանացել: