Լեհաստանի հարավում գտնվող Չենստոխով քաղաքի մերձակայքում պարաշյուտիստների տեղափոխող ինքնաթիռ է կործանվել: Այս մասին տեղեկացնում է տեղական փրկարարական ծառայությունը:
Հաստատված տեղեկությունների համաձայն, ինքնաթիռում գտնված 12 մարդկանցից 11-ը զոհվել է, եւս մեկը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Փրկարարների խոսքով, ավիավթարից միակ փրկվածը գիտակից վիճակում է եղել եւ կարողացել է խոսել իրենց հետ:
Միջադեպը տեղի է ունեցել Տոպոլուվ տեղանքում, տեղական ժամանակով 16:30-ի սահմաններում: Ինքնաթիռն ընկել է դաշտում, բնակելի շինություններից բավական հեռու եւ այրվել է:
Ըստ ИТАР-ТАСС-ի, պատահարի պատճառները պարզում է ավիավթարների հետաքննությամբ զբաղվող հատուկ հանձնաժողովը: Փորձագետ Ռոման Պոլկոյի խոսքով, «ինքնաթիռում գտնվողները, դեռեւս անհայտ պատճառներով, ժամանակ չեն ունեցել լքել փոխադրամիջոցը»: «Պետք է որեւէ արտակարգ բան պատահած լիներ, որպեսզի պարաշյուտիստները չկարողանային փրկվել»,- ասել է նա՝ որպես հավանական պատճառ նշելով լուրջ խափանումը կամ պայթյունը:
Վարկածներից մեկն էլ ինքնաթիռի գերծանրաբեռնվածությունն է, ինչն օդի բարձր ջերմաստիճանի պատճառով կարող էր շարժիչում անսարքություն առաջացնել: Լեհական լրատվամիջոցների փոխանցմամբ, ինքնաթիռում կարող էին լինել ոչ միայն պրոֆեսիոնալ պարաշյուտիստներ, այլեւ սկսնակներ:




























