Թուրքիան եւ Ադրբեջանը փորձում են ցանկացած հարթակ, այդ թվում եւ  Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍՏՀԿ) հարթակը, վերածել իրենց արտաքին քաղաքական նպատակները սպասարկելու միջոցի՝ հունիսի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ  այսպիսի հայտարարություն արեց ՍՏՀԿ-ում հայկական պատվիրակության անդամ «Ժառանգությունը» ներկայացնող Վարդան Խաչատրյանը։ Նա հավաստիացրել է, որ հունիսի 1-4-ը տեղի ունեցած ՍՏՀԿ  խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի ընթացքում Ադրբեջանը հերթական անգամ հանդես է եկել հակահայկական քարոզչությամբ՝ տարածելով խեղաթյուրված ու կեղծ տեղեկություններ։

Վարդան Խաչատրյանն ասաց, որ «Մարմարա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներն իր ելույթից հետո կրկին խոսել են  Հայաստանի կողմից «օկուպացված տարածքների» մասին եւ պնդել, որ դրանք պետք է անհապաղ վերադարձվեն Ադրբեջանին։ Վեհաժողովի երկրորդ օրը, որի ընթացքում քննարկվել են գենդերային խնդիրներ, ադրբեջանական պատվիրակության անդամ Ժ. Ալիեւան հայտարարել է, թե ի՞նչ գենդերային խնդիրների մասին կարող է խոսք գնալ, երբ հարյուրավոր ադրբեջանուհիներ այժմ գերության մեջ են գտնվում Հայաստանում։ Վարդան Խաչատրյանը հայտարարությունը գնահատել է որպես «անթափանց խավարի մեջ հնչած սպիտակ սուտ», որը ցնցել է նաեւ խորհրդարանական վեհաժողովի մասնակիցներին։

«Ժառանգության» ներկայացուցիչ հայ պատվիրակը  հակադարձել է Ալիեւային, ասելով, որ տեղեկությունը բացահայտ ապատեղեկատվություն է, քանի որ ադրբեջանուհի գերիների մասին որեւէ տվյալ չկա տարածաշրջանում առաքելություն իրականացնող «Կարմիր խաչ» կազմակերպության մոտ։ Հայկական պատվիրակության անդամները պահանջել են իրենց ադրբեջանցի գործընկերոջից՝ ներկայացնել բոլոր տվյալները կին գերիների մասին, եթե իհարկե այդպիսիք առկա են։  Հայկական պատվիրակության անդամները հայտարարել են նաեւ, որ եթե հանկարծ պարզվի, որ կին գերիների մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, ապա պետք է ադրբեջանական կողմը պատասխանատվության ենթարկվի։

Ադրբեջանական կողմը սկսել է փոխել քննարկման թեման, առաջարկելով խոսել այն մասին, թե ո՞վ է սկսել պատերազմը։ Հայկական կողմը վկայակոչել է տասնյակ փաստարկներ, որոնք ապացուցել են, որ Ադրբեջանն է նախահարձակ եղել հայերով բնակեցված կոմպակտ տարածքի վրա եւ արժանացել հայկական կողմի հակազդեցությանը։ Հայկական պատվիրակության ներկայացուցիչների փաստարկներն այնքան համոզիչ են եղել, որ նիստի ավարտից հետո նրանց են մոտեցել Վեհաժողովի անդամ երկրների ներկայացուցիչներն ու շնորհակալություն հայտնել կոռեկտ վարքագծի համար։