ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ելույթների համար ստացված հոնորարների մի մասը նվիրաբերել է բարեգործությանը: Այս մասին գրում է «Ռոսբալտ»-ը՝ վկայակոչելով АР-ին:
Ավելի վաղ Նեւադայի համալսարանի ուսանողները քաղաքական գործչին խնդրել էին չընդունել 225 հազար դոլար հոնորարը, այլ այն տրամադրել համալսարանի կարիքներին: Ակտիվիստներից մեկի խոսքով, այդ գումարով կարելի էր 225 ուսանողի կրթաթոշակ տալ, ինչը նրանց հնարավորություն կտար թեթեւացնել վճարովի կրթության բեռը:
Պետքարտուղարության նախկին ղեկավարն այն ժամանակ նշել էր, որ դասախոսությունների համար իր ստացած հոնորարների մի մասը փոխանցվում է Քլինթոնների հիմնադրամին եւ ուղղվում «աշխատանքի, որը կյանքեր է փոխում եւ փրկում»:
2013 թվականին պետքարտուղարի պաշտոնից հեռանալուց հետո Հիլարի Քլինթոնը սկսել է դասախոսություններ կարդալ՝ յուրաքաչյուր ելույթի համար ստանալով շուրջ 200 հազար դոլար: Այդ գումարը զգալիորեն գերազանցում է պետական ծառայության տարիների նրա եկամուտը, որը կազմում էր տարեկան շուրջ 186 հազար դոլար:





























