Հնդկաստանի հարավում պահեստի պատի փլուզման հետեւանքով 11 մարդ է մահացել: Ողբերգությունը տեղի է ունեցել Թամիլնադ նահանգում:
Փլատակների տակ կարող են դեռեւս մարդիկ լինել: Փրկարարական աշխատանքների արդյունքում հնարավոր է եղել փրկել 19-ամյա մի պատանու կյանքը:
«Ռոսբալտ»-ը, հղում կատարելով NDTV-ին, գրում է, որ պատը փլուզվել է իրենց ընտանիքների հետ շինությունում բնակվող աշխատողների վրա: Տեղական իշխանությունների տեղեկացմամբ, զոհերի թվում են 1 երեխա եւ 4 կին:
Շենքի փլուզման պատճառ են դարձել հորդառատ անձրեւները:
Հիշեցնենք, որ նույն նահանգում նման միջադեպ էր տեղի ունեցել նաեւ հունիսի 28-ին: Չեննայ քաղաքում 61 մարդ էր զոհվել կառուցվող 12 հարկանի շինության փլուզման հետեւանքով:




























