Շաբաթ օրն արեւելաչինական Հանչժոու քաղաքի (Չժեցզյան նահանգի վարչական կենտրոն) փողոցներից մեկում երթեւեկության ժամանակ այրված ավտոբուսի 80 ուղեւորներից 32-ը տուժել են, 15-ը ծայրահեղ ծանր վիճակում են, հաղորդում ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին:

Ավելի վաղ հաղորդում էին, որ հրդեհի հետեւանքով, ինչպես ճշտել են բժիշկները, ուղեւորներից մեկի սիրտը կանգ է առել, սակայն հաջողվել է նրան վերակենդանացնել:

Լրատվամիջոցների տվյալներով՝ ավտոբուսը դիտավորյալ հրդեհել են: Կասկածյալին լուչջ այրվածքներով տեղափոխել են հիվանդանոց, նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Նրա գործողությունների դրդապատճառները դեռ հայտնի չեն:

Հաղորդում են, որ հրդեհելու համար չարագործն օգտագործել է բանանի յուղ, որը սովորաբար օգտագործում են ներկերի լուծման համար: