Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության իրականացնողներից Նաիրի Հունանյանն այս պահին այլ մասնագետների կողմից բժշկական հետազոտություններ է ենթարկվում:

ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունից NEWS.am-ին հայտնեցին, որ հուլիսի 3-ին վիրահատված Նաիրի Հունանյանի վիճակը լավ է, նա գտնվում է հետվիրահատական փուլում, իսկ դուրսգրման մասին խոսելը դեռ շատ վաղ է:

Նշենք, որ հոկտեմբերի 27-ի ոճրագործ Նաիրի Հունանյանը հուլիսի 3-ին տեղափոխվել էր ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկ, որտեղ եւ վերջինիս տեղային անզգայացմամբ վիրահատել էին:

Հիշեցնենք, որ 1999 թ. հոկտեմբերի 27-ին, ժամը 17-ի սահմաններում հինգ զինված անձինք` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ներխուժեցին Աժ նիստերի դահլիճ ու գնդակահարեցին 8 հոգու: Սպանվեցին` ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը, Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը, Արմենակ Արմենակյանը, նախարար Լեոնարդ Պետրոսյանը: Վիրավորվեցին պատգամավորներ ու նախարարներ: