Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում, հուլիսի 6-ին, Բուենոս Այրեսում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել իր արգենտինացի գործընկերոջ Հեկտոր Մարկոս Թիմերմանի հետ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարարներ Նալբանդյանն ու Թիմերմանը վստահություն են հայտնել, որ նախագահ Սարգսյանի պաշտոնական այցը նոր խթան կհաղորդի տարբեր ոլորտներում երկու երկրների միջեւ համագործակցության ընդլայնմանը:
Զրույցի ընթացքում նախարարները ջերմությամբ վերհիշել են Բուենոս Այրեսում, Երեւանում, տարբեր միջազգային համաժողովների շրջանակներում իրենց ունեցած հանդիպումները եւ գոհունակությամբ արձանագրել, որ դրանց ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի են կոչվում:
Երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից նախարարները կարեւորել են բազմահազարանոց արգենտինահայ համայնքի դերակատարությունը:
Խոսելով հայ-արգենտինական հարաբերությունների մասին` նախարար Նալբանդյանը նշել է, թե այն փաստը, որ Լատինական Ամերիկայում առաջին դեսպանատունը Հայաստանը բացել է Բունեոս Այրեսում, վկայում է այն կարեւորության մասին, որ Հայաստանը տալիս է Արգենտինայի հետ փոխգործակցության զարգացմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր, մտքեր փոխանակվեցին միջազգային կազմակերպություններում համագործակցության սերտացման շուրջ, անդրադարձ եղավ միջազգային խնդիրների:





























