Ղազախստանի արեւմտյան Աթիրաու քաղաքի համալսարանի 800 շրջանավարտների շրջանում Իլյա Ժականովն ամենահայտնին է: Եվ ոչ միայն այն պատճառով, որ բուհն ավարտել է 78 տարեկանում, այն էլ՝ գերազանցությամբ: Նա հայտնի կոմպոզիտոր է, հրապարակախոս, Ղազախստանի եւ Ղրղզստանի մշակույթի վաստակավոր գործիչ: Այս մասին տեղեկացնում է Tengri News կայքը:

Երկու տարի առաջ Իլյա Ժականովն ընդունվել է համալսարանի հեռակա բաժին՝ գեղանկարչություն եւ գծագրություն մասնագիտությամբ: Դիպլոմային աշխատանքը, որը նա պաշտպանել է մայիսի կեսերին, ավելի քան 20 նկար է եղել: Առաջին բարձրագույն կրթությունը՝ բանասիրություն մասնագիտությամբ, նա ստացել է շուրջ կես դար առաջ:

Նշենք, որ բարձրագույն ուսումնական հաստատության ամենատարեց շրջանավարտի տիտղոսը կրում է Ավստրալիայի բնակիչ Ալան Ստյուարտը, ով 2012 թվականին բժշկության մագիստրոսի դիպլոմ ստանալիս 97 տարեկան է եղել: 2006 թվականին, իրավաբանության աստիճան ստանալուց հետո, նա գրանցվել էր Գինեսի ռեկորդների գրքում: