2011 թվականի վերջին «Զվարթնոց»  օդանավակայանի ներկայիս մեկնման տերմինալի փոխարեն շահագործման կհանձնվի նոր մեկնման եւ ժամանման տերմինալը: Հունիսի 8-ին լրագրողների «Զվարթնոց» օդանավակայան կատարած այցելության ժամանակ ասաց տերմինալի գլխավոր ճարտարապետ Լուկաս  Մոնսալվոն: Նա ասաց, որ նոր տերմինալը ամբողջությամբ կփոխարինի հնին` հավելելով, որ նոր շենքը հագեցած է սեյսմիկ մեկուսիչներով, ինչը երկրաշարժի ժամանակ ապահովելու է օդանավակայանի անխափան աշխատանքը:

Նախագծի գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն էլ նշեց, որ շենքի կառուցման համար ներդրվել է 160 մլն դոլար, որից 100 մլն-ը նախատեսվում է վերցնել Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկից, Ասիական զարգացման բանկից եւ Գերմանական բանկից՝ 12 տարի ժամկետով: Գլխավոր ճարտարապետը կարեւորեց օդանավակայանի գլխավոր շենքի պահպանումը, սակայն, թե ի՞նչ տեսքով այն կմնա, նա չասաց՝ նշելով, որ այն նախագծային փուլում է:

Օդանավակայանում միեւնույն ժամանակ ընթանում են հիմնական՝ Delta եւ մայր ղեկուղիների ծածկույթի վերանորոգման աշխատանքները: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տեխնիկական գծով տնօրեն Աշոտ Միրզոյանն էլ ասաց, որ նոր ծածկույթը հնարավորություն կտա ընդունել ցանկացած տիպի օդանավեր եւ կպահպանվի 10-12 տարի:

Ինչ վերաբերում է օդանավակայանի հարեւանությամբ գտնվող երկու բնակելի շենքերի քանդմանը, ապա  ճարտարապետը նշեց, որ դրանք կքանդվեն այն ժամանակ, երբ ավարտին կհասցվի մնացած շենքերի կառուցումը: