Գերմանիայի Դարմշտադտ քաղաքում, օրերս կայացել է «Հյուսիսային եւ Հարավային Կովկասը Եվրոպական հարեւանության մեջ. Եռաչափ ֆունկցիոնալ համագործակցություն կամ մրցակցություն տարածաշրջանում. Ռուսաստան, Եվրոպական Միություն եւ Կովկաս» խորագրով համաժողովը, որտեղ որպես Հայաստանը ներկայացնող պատվիրակ զեկույցով հանդես է եկել ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Վերջինս այս առթիվ հաղորդագրություն է տարածել, որտեղ նշում է.

«Եկա եւ ներկայացրեցի ԼՂՀ խնդրով հայկական դիրքորոշումը, Հայաստան – Ադրբեջան սահմանային միջադեպերի պատկերը, տարածաշրջանում ռազմական հավասարակշռության խախտման անթույլատրելիությունն ու դրա վտանգները, ինչպես նաեւ Հայաստանի բլոկադայի, Թուրքիայի սահմանի բացման եւ Հարավային Կովկասի ապագա զարգացումների իմ տեսլականը: Մանրամասն անդրադարձ եղավ Հարավային Կովկասում նոր ստեղծված իրավիճակին եւ ստեղծվող բաժանարար գծերին:

Ադրբեջանական կողմն ամեն կերպ փորձում էր համաժողովի ընթացքում ներկայանալ մի կողմից զոհի, մյուս կողմից տարածաշրջանում ամենահզոր երկրի դիրքերից, ինչը, պետք է նշեմ, այդպես էլ չստացվեց նրանց մոտ, քանի որ մանրամասն ներկայացրեցի ԼՂՀ հիմնախնդիրը իրավական տեսանկյունից եւ դրա լուծման մեր տեսլականը, իսկ համաժողովին մասնակցող Հարավային Կովկասով զբաղվող որոշ փորձագետներ հիշեցրեցին Ադրբեջանի ներկայացուցիչներին բանտարկված լրագրողների, խոսքի ազատության սահմանափակումների եւ այլ նմանատիպ խնդիրների մասին»: