Ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների վերջին ակտիվացումը միանշանակ օրինաչափ է՝ հաշվի առնելով Հարավային Կովկասի հանդեպ ԱՄՆ-ի աճող հետաքրքրությունը,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռազմավարական մշակույթի ֆոնդի տնօրենի տեղակալ Անդրեյ Արեշեւը։

Նա ընդգծեց, որ Հարավային Կովկասը, եւ մասնավորապես՝ Ադրբեջանը, մեծ կշիռ ունեն Աֆղանստանի վերաբերյալ Վաշինգտոնի պլանների, ինչպես նաեւ Կենտրոնական Ասիայից եւ Հարավային Կովկասից էներգակիրներ փոխադրելու հետ կապված ԱՄՆ ծրագրերի ֆոնին։ «Գիտակցելով սա, Բաքուն անշուշտ, փորձում է իր եւ ԱՄՆ-ի հարաբերությունների երաշխիքը դարձնել ղարաբաղյան հարցը, սակայն ԱՄՆ-ը նույնիսկ մեծ ցանկության դեպքում չի կարող Ղարաբաղը սկուտեղի վրա Ադրբեջանին մատուցել»,-ընդգծեց փորձագետը։

Բացի այդ, նա նշեց, որ ԱՄՆ-ը շահագրգռված չէ  տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմամբ, ինչպես նաեւ ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսմամբ։ «Հետեւապես՝ Վաշինգտոնի քաղաքականությունը տարածաշրջանում ելնելու է այս տրամաբանությունից»,-կանխատեսեց Արեշեւը՝ միաժամանակ նշելով, որ ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունները դինամիկ կերպով կընթանան առաջ։   

Նրա խոսքով՝ Վաշինգտոնն, անշուշտ, հետաքրքրված է Հարավային Կովկասում իր ռազմական ենթակառուցվածքների ստեղծմամբ, եւ անկասկած այդ հարցով բանակցություններ է վարում Բաքվի հետ։ «Հաշվի առնելով Իրանի շուրջ պայթյունավտանգ իրավիճակը, որը հայտնի չէ, թե ինչ զարգացում կունենա, ԱՄՆ-ը, իհարկե, հետաքրքրված է Ադրբեջանում՝ անմիջապես Իրանի քթի տակ, ռազմական օբյեկտների տեղակայման հարցով»,-ընդգծեց փորձագետը։

Նշենք, որ օրերս Բաքվում տեղի ունեցավ հանդիպում ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության եւ Ադրբեջանի առաջին դեմքերի միջեւ, որի ընթացքում ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը հայտնեց, թե նախատեսվում է պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը Ադրբեջան։ Նա բարձր գնահատեց Ադրբեջանի դերը Աֆղանստանում միջազգային կոալիցիայի կազմում։ Գեյթսը միաժամանակ հայտնեց, որ Ադրբեջանը հանդիսանում է ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակիցը։ Նա նաեւ փոխանցեց ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի  նամակը, որում ընդգծվում է Ադրբեջանի բացառիկ դերակատարությունը Աֆղանստանում միջազգային ահաբեկչության դեմ գործողություններում։ ԱՄՆ նախագահն իր նամակում բարձր է գնահատել նաեւ Ադրբեջանի  դերը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում։