Միջոցների հավաքագրման Kickstarter կայքի օգտատեր Զաք Բրաունին հաջողվել է կարտոֆիլի աղցանի միջոցով ավելի քան 7 հազար կամավոր նվիրաբերող գտնել: Նախապես ամերիկացին կայքում իր կատակ-ծրագիրը տեղադրել է՝ հույս ունենալով հավաքել ընդամենը 10 դոլար:

Իր «start up»-ը Բրաունը Kickstarter կայքում տեղադրել է հուլիսի 3-ին: Կարտոֆիլի աղցանի լուսանկարը նա մեկնաբանել է այսպես. «Ես պարզապես պատրաստվում եմ կարտոֆիլի աղցան պատրաստել: Առայժմ չեմ որոշել, թե ինչպիսի»,- գրել է տղամարդը: Ներդրումային հնարավոր ռիսկերը բնութագրող հատվածում ամերիկացին գրել է. «Աղցանը կարող է այնքան էլ լավ չստացվել, ես այն առաջին անգամ եմ պատրաստում»:

Лента.Ру-ի փոխանցմամբ, անսպասելիորեն աղցանի ծրագիրը սկսել է մեծ ճանաչում վայելել կայքի այցելուների շրջանում: Տեղեկությունը գրելու պահին Բրաունին 7.845 դոլար են նվիրաբերել, գումարը շարունակում է աճել:

Համացանցի օգտատերերին դուր է եկել Kickstarter-ի համար անսովոր նախաձեռնությունը: Նրանք Facebook-ում ծրագիրը վերահրապարակել են ավելի քան 60 հազար անգամ: «Կարտոֆիլային սթարթ-ափ»-ի էջում քննարկումներ են սկսվել: Օգտատերերը վիճաբանել են, թե ինչ նպատակներով կարելի է օգտագործել ավելացած դրամական միջոցները, ինչպես նաեւ հավանություն են արտահայտել արտասովոր նախաձեռնության առիթով: