Լա Մանշի նեղուցի տակ կառուցված թունելում գնացքից շուրջ 400 ուղեւորի տարհանել են: Արտակարգ կանգառի պատճառը վագոնների կազմում անսարքությունն է եղել: Այս մասին գրում է ИТАР-ТАСС-ը՝ հղում կատարելով տեղական լրատվամիջոցներին:

Մեքենավարը ստիպված է եղել տեղական ժամանակով 07:30-ին կանգնեցնել Մեծ Բրիտանիայից Ֆրանսիա ուղեւորվող գնացքն էլեկտրամատակարարման հետ կապված խնդիրների պատճառով:

«Ուղեւորները սպասում են գնացքին, որպեսզի կարողանան ստանալ իրենց ավտոմեքենաները (դրանք գտնվում են բեռնատար վագոններում)»,- տեղեկացրել են Eurostar ընկերության ներկայացուցիչները:

Ի դեպ, երկաթուղային ծառայությունների աշխատակիցները փակել են Լա Մանշի տակ կառուցված երկու ուղիներից միայն մեկը: Նրանց խոսքով, վերանորոգումը կարող է մի ամբողջ օր տեւել: Բրիտանական մի շարք լրատվամիջոցների փոխանցմամբ, ուղեւորները թունելում շուրջ 3 ժամ տարհանման են սպասել:

Eurostar-ն արդեն ներողություն է խնդրել կատարվածի համար եւ տեղեկացրել վաճառված տոմսերն անվճար փոխելու կամ գումարը վերադարձնելու հնարավորության մասին: