Աբխազիան նախազգուշացնում է Ուկրաինային Վրաստանի նախկին նախագահ Սահակաշվիլիի՝ որպես խորհրդատու ներգրավվելուց, հաղորդում է Աբխազիայի ԱԳՆ-ը:

Ուկրաինական «ՈւԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն հայտարարել էր Սահակաշվիլիի՝ Ուկրաինայի նոր նախագահ Պյոտր Պորոշենկոյի խորհրդատու նշանակելու հնարավորության մասին:

«Կիեւի կողմից «բոլոր հարցերով խորհրդատու» սնանկացած վրացական քաղաքական գործիչ Մ. Սահակաշվիլու ներգրավումը, կարող է հանգեցնել միջազգային խաղաղարար հանրության ջանքերի տապալմանը», - ասվում է Աբխազական ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

ԱԳՆ-ը նշում է, որ Աբխազիայում անհանգստությամբ եւ կարեկցանքով են ընկալում Ուկրաինայի ողբերգական իրադարձությունները եւ ընդգծում է, որ Արեւմուտքի ամենաթողության պայմաններում լայնամասշտաբ ռազմական գործողություններ են ընթանում «կիեւյան իշխանությունների կամայականություններից իրենց ընտանիքներն ու հողը պաշտպանող» ռուսամետ ակտիվիստների դեմ:

«Վրաց-աբխազական հարաբերությունների տխուր էջերը մեկ անգամ չէ, որ հաստատել են ժողովրդի էթնոմշակութային եւ լեզվական յուրօրինակության նկատմամբ (ինչով միշտ աչքի էր ընկնում վրացական մոտեցումը Աբխազիայի եւ իր ժողովրդի նկատմամբ) «խաղաղեցման» եւ անհարգալից վերաբերմունքի պրակտիկայի կործանարար լինելը», - ասվում է փաստաթղթում, որտեղ նաեւ նշվում է, որ Աբխազիայում շատ լավ գիտեն, որ «Ժողովրդին իրենց օտար քաղաքական ու արժեքային տարածք բռնի տանելն անհեռանկար է»: