Կորեայի Հանրապետության Սեուլ քաղաքում օրերս տեղի է ունեցել «Կովկասյան մշակութային փառատոնի» բացման հանդիսավոր արարողությունը՝ Կորեայի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների, դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների եւ հարյուրավոր կորեացիների մասնակցությամբ:
Կորեայում առաջին անգամ անցկացվող կովկասյան փառատոնին մասնակցում են Հայաստանի Հանրապետությունն ու Վրաստանը: Փառատոնի նախաձեռնությունը Կորեայի արտգործնախարարության է՝ Ճապոնիայում եւ Կորեայում Հայաստանի դեսպանության հետ համագործակցությամբ եւ Հայաստանի մշակույթի նախարարության օժանդակությամբ:
Մեկ շաբաթ տեւող փառատոնին Կորեայի Սեուլ եւ Բուսան քաղաքներում հայկական արվեստը, երաժշտությունը, ժողովրդական երգն ու պարը ներկայացնում են Թաթուլ Ալթունյանի անվան երգի եւ պարի պետական անսամբլը, «Միքայել Ոսկանյան եւ ընկերներ» էթնո-ջազ խումբը եւ նկարիչ-քանդակագործ Արարատ Սարգսյանը: Համերգներն անցկացվում են ոչ միայն քաղաքների սրահներում, այլեւ բացօթյա՝ փողոցներում, եւ ուղեկցվում Հայաստանի վերաբերյալ տարբեր ցուցահանդեսներով:
Փառատոնի մեկնարկից առաջ՝ հուլիսի 4-ին Կորեայի ԱԳՆ-ում ստորագրվել է համաձայնագիր Հայաստանի Հանրապետության եւ Կորեայի Հանրապետության կառավարությունների միջեւ մշակույթի, սպորտի եւ կրթության բնագավառներում համագործակցության մասին: Համաձայնագիրը ստորագրել են Կորեայի ԱԳ փոխնախարար Չո Թե-յուլը եւ Ճապոնիայում ու Կորեայում Հայաստանի դեսպան Հրանտ Պողոսյանը:





























