Յակուտիայում «Ուստ-Բուտամա» անտառային բիզոնների բուծարանի տարածքում քարանձավային առյուծի գանգի մնացորդներ են հայտնաբերվել:

«Սա բավականին հազվադեպ գտածո է: Գանգի մի մասում պահպանվել են ժանիքները, երկու ատամ, վերին ծնոտի մի մասը: Նախնապես հաստատվել է, որ դա 20-30 հազար տարի առաջ ապրած հասուն էգի մնացորդներ են», - հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Գիտությունների ռուսական ակադեմիայի Սիբիրի մասնաճյուղի ալմաստի եւ ազնիվ մետաղների երկրաբանության ինստիտուտի գիտաշխատողին:

«Քարանձավային առյուծները բնակվել են սառցե ժամանակաշրջանում: Սա ժամանակակից ամուրյան վագրի չափի խոշոր գազան է: Առյուծն ապրել է մամոնտների եւ խավոտ ռնգեղջյուրների հետ, այսպիսով ներառվել է սառցե ժամանակաշրջանի մամոնտային ֆաունայի մեջ», - հավելել է գիտաշխատողը:

Քարանձավային կամ պլեյստեցոնե առյուծը (Panthera leo spelaea) Եվրոպայում եւ Հյուսիսային Ասիայում բնակվող ամենախոշոր գազաններից է: