Աբխազիայի Հանրապետության խորհրդարանի փոխխոսնակ, Աբխազիայի հերոս Վաղարշակ Քոսյանը, երկրորդ գումարման ԱՀ Խորդարանի պատգամավոր, Աբխազիայի հերոս Գալուստ Տրապիզոնյանը, շքանշանի ասպետ Լեոն Կարապետ Կարագյոզյանն ու չորրորդ գումարման ԱՀ Խորհրդարանի պատգամավոր, շքանշանի ասպետ Լեոն Վալերի Մայրոմյանը հանդես են եկել առաջարկով հանրային լայն քննարկումներ սկսել կապված Աբխազիայի միջով երկաթուղային հաղորդակցության վերականգնման հնարավորության հետ, հաղորդում է «Գրուզիա Online»-ը:
Նրանց կողմից ստորագրված ուղերձում ասվում է.
«Հարավային Կովկասի տարածքում շարունակվում են զարգանալ եվրասիական ինտեգրացման գործընթացները: Մայիսին Հայաստանը հայտարարեց իր պատրաստականության մասին կարճ ժամանակում անդամակցել Մաքսային միությանը: Մենք համոզված ենք, որ այդ քայլն էական շահեր կբերի՝ ինչպես մեր հայրենակիցներին, այնպես էլ Մաքային միության մյուս անդամ պետություններին: Մենք նաեւ ողջունում ենք Հայաստանի որոշումը, քանի որ եվրասիական ինտեգրացման «անդրկովկասյան վեկտորի» ամրապնդումը մեծացնում է Աբխազիայի հնարավորություններն անդամակցել ինտեգրացիոն կառույցներին որպես ինքնիշխան պետություն:
Մենք ենթադրում ենք, որ արդեն այժմ Աբխազիան կարող է նպաստել տնտեսական ինտեգրացիային Կովկասում եւ Անդրկովկասում, դառնալ այդ գործընթացների ակտվ մասնակից: Դրա համար մենք կոչ ենք անում վերադառնալ նախկին Անդրկովկասյան երկաթուղու վրաց-աբխազական հատվածի բացման հարցի քննարկմանը: Լինելով առավել կարճ ու մատչելի՝ այս հատվածը թույլ կտա հայկական արտահանվող ապրանքները մատակարարել Ռուսաստան օպտիմալ եղանակով, իսկ Ռուսաստանն իր հերթին, կայուն միջանցք ձեռք կբերի Կովկասի, Մերձավոր եւ Միջին Արեւելքի երկրների հետ:
Հնարավորությունները, որոնք տրամադրում է այս հարցի լուծումը, էական են: Արտաքին քաղաքականության տեսանկյունից՝ կնպաստի հանրապետության միջազգային ճանաչման ընդլայնմանը: Տնտեսական տեսանկյունից՝ բյուջեն հավելյան եկամուտ ձեռք կբերի: Առկա գնահատականների համաձայն՝ երկաթուղին 10 մլն տոննայով բեռնելու դեպքում, մեր երկիրը կարող է տարեկան մինչեւ 6 մլրդ ռուբլի աշխատել: Աբխազիայի մասնակցությունը տրանսկովկասյան տրանսպորտային միջանցքին կնպաստի Աբխազիայի հետագա ընդգրկմանն ինտեգրացիոն գործընթացներում:
Մենք կոչ ենք անում տվյալ հարցը հանրային լայն քննարկման բարձրացնել, այդ թվում նաեւ նախագահի թեկնածուների մասնակցությամբ, որպեսզի Աբխազիայի ընտրված նախագահը պաշտոնին անցնելուց հետո բանակցություններ նախաձեռնի երկաթուղու վրաց-աբխազական հատվածի բացման ուղղությամբ»:




























