Հայաստանում Վրաստանի դեսպանատանը հուլիսի 7-ին հանդիսավոր ընդունելություն էր կազմակերպվել՝ նվիրված Եվրամիության հետ Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը:

Բացի Հայաստանում Վրաստանի եւ Ուկրաինայի դեսպաններ Թենգիզ Շարմանաշվիլիից եւ Իվան Կուխտայից, միջոցառմանը ներկա էին նաեւ Հայաստանում դիվանագիտական այլ ներկայացուցչություններ ղեկավարներ ու ներկայացուցիչներ. Իրանի դեսպան Մոհամմադ Ռեիսին, ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան, Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելլը, Եվրախորհրդի գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկը, ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինը, Լիտվայի դեսպան Էրիկաս Պետրիկասը, ինչպես նաեւ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Բացման խոսքում Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան ընդգծեց, որ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելով՝ Վրաստանը, Մոլդովան եւ Ուկրաինան մեծ քայլ են կատարել ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման ճանապարհին: «Ես կարծում եմ, որ այդ խորհրդանշական պահ է երեք երկրների համար: Ասոցացման համաձայնագիրը Եվրամիության հետ այդ երկրների հարաբերությունների նոր որակ է ձեւակերպում եւ զգալիորեն նպաստելու է «Արեւելյան գործընկերության» ծրագրի շրջանակում Եվրամիության հետ քաղաքական եւ տնտեսական հարաբերությունների խորացմանը: Արեւելյան գործընկերների հետ սերտ համագործակցությունը շարունակում է Եվրամիության արտաքին քաղաքականության կարեւոր տարր մնալ»,- ընդգծեց նա:

Համաձայնագրի ստորագրումը, Տրայան Հրիստեայի խոսքով, նաեւ ներառում է խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծում, որը լայն հնարավորություններ է ընձեռելու այդ երկրներին՝ առաջարկելով ելք դեպի Եվրամիության միացյալ շուկա, որն աշխարհում ամենամեծ շուկան է: «Այդ գործարար հնարավորություններ կստեղծի եւ կնպաստի ապրանքների, ծառայությունների որակի չափանիշների բարձրացմանն ու մրցակցության աճին: Ինչպես համաձայնագրերի ստորագրման ժամանակ նշեց Եվրահանձնաժողովի ղեկավար Խոսե Մանուել Բարոզուն, դրանք դրական համաձայնագրեր են, ուղղված են գործընկեր-պետությունների հարաբերությունների զարգացմանը միջազգային մակարդակով եւ ոչ մի կերպ մրցակցություն չեն մտցնում հարեւան որեւէ երկրի հետ»,- ասաց Հրիստեան՝ հավելելով, որ այդ համաձայնագրերը Եվրամիության հետ հարաբերությունների վերջնակետը չեն:  

Հիշեցնենք, որ հունիսի 27-ին Բրյուսելում Վրաստանը, Մոլդովան եւ Ուկրաինան Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրեցին: