Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների վերադարձը համարում է հակամարտության կարգավորման վեց տարրերից մեկը: Այս մասին Ջոն Հեֆերնն ասաց NEWS.am-ի հետ զրույցում:

Դեսպանի խոսքով, ինքը նկատի չունի, որ Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքները պետք է Ադրբեջանին վերադարձվեն առաջին հերթին: «Ոչ, ոչ. այդ ենթադրվում է հիմնահարցի վերջնական լուծման շրջանակում: Ըստ համաձայնեցված վեց տարրերի, Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը լուծվելու է ազատ կամարտահայտման միջոցով: Այնուհետեւ Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքները՝ բացառությամբ Լաչինի միջանցքի, պետք է վերադարձվեն: Այնպես որ՝ իմ խոսքերում ոչ մի նոր բան չկա»,- նշեց Ջոն Հեֆերնը:

Ազատագրված տարածքների վերադարձի դեպքում հայկական կողմին անվտանգության երաշխիքների տրամադրման մասին հարցին ի պատասխան՝ ամերիկյան դիվանագետն ընդգծեց, որ հակամարտության կարգավորման վեց տարրերը նաեւ միջազգային խաղաղարար ուժեր են ենթադրում: «Այն հարցը, թե որ երկրի կամ կազմակերպության ուժերը պետք է լինեն այդ խաղաղարար ուժերի մեջ, կողմերի միջեւ բանակցությունների առարկա են: Իհարկե, անվտանգության որոշակի երաշխիքներ են անհրաժեշտ եւ միջազգային խաղաղարար ուժերի ներկայություն, նախքան հայկական կողմը կվերադարձնի տարածքները»,- ամփոփեց Ջոն Հեֆերնը: