Հռոմի կաթոլիկ եկեղեցին պատրաստվում է հայտարարել իր բանկի արմատական բարեփոխումների մասին, որի գործունեության հետ մի շարք աղմկոտ սկանդալներ են կապված:
«Կրոնական գործերի ինստիտուտ» անունը կրող Վատիկանի բանկը կդադարի զբաղվել ներդրումային գործառնություններով: Վերջինիս գործառույթը կլինի միայն վճարման գործողությունները, ինչպես նաեւ վանական կարգի, բարեգործական կազմակերպությունների եւ Վատիկանի աշխատակիցների համար խորհրդատվությունը, հաղորդում է BBC-ը՝ վկայակոչելով Վատիկանի աղբյուրներին:
Բարեփոխման մասին պաշտոնապես կհայտարարվի հուլիսի 9-ին:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հրամայել էր բանկի գործունեության ստուգումներ իրականացնել կաթոլիկ եկեղեցու առաջնորդ կարգվելուց անմիջապես հետո: Պաշտոնական ներկայացուցիչների խոսքով՝ պապը դիտարկել է բանկի ամբողջական փակման հնարավորությունը, որը մեղադվում է փողերի լվացման եւ հարկերից խուսափելու ծառայություններ մատուցման մեջ:





























