Deutscher Brauer-Bund (DBB) արտադրական միավորման գարեջրագործները պարտավորվել են տեղեկություններ հայտնել գարեջրի ոչ ալկոհոլային տեսակներում ալկոհոլի պարունակության մասին: Գարեջրի այս տեսակի  պահանջարկը երկրում օրեցօր աճում է: Նախորդ տարի վաճառքի ծավալը ավելացել էր 12%-ով:

Համաձայնությունը ձեռք է բերվել Գերմանիայի սպառողների իրավունքների պաշտպանության կենտրոնների  դաշնային միավորման եւ գարեջրագործների հանդիպման ընթացքում: Ըստ օրենքի՝ գարեջրի ոչ ալկոհոլային տեսակներում ալկոհոլի պարունակությունը կարող է կազմել մինչեւ 0.5 տոկոս, փոխանցում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:

Սպառողական միավորումները երկարամսյա բանակցությունների ընթացքում պնդում էին, որ ոչ ալկոհոլային կարող է անվանվել այն տեսակը, որում իսպառ բացակայում է  ալկոհոլը: Ձեռքբերված պայմանավորվածությամբ՝ եթե ոչ ալկոհոլային գարեջուրը չի համապատասխանում այս պահանջին, 2015թ.-ից արտադրողները պիտակին կնշեն «Alk. < 0,5 % vol.» կամ համանման այլ ձեւակերպումներ կներկայացնեն: