Թուրքական լողափերը, որ ամռան ամիսներին դեպի իրենց են ձգում մեծ թվով հայ զբոսաշրջիկների, այս տարի, ինչպես երեւում է, կզգան վերջիններիս պակասը։ NEWS.am-ի թղթակցին նման հետեւություն անելու հիմք տվեցին Հայաստանում արտագնա տուրիզմով զբաղվող տասնյակ գործակալություների ներկայացուցիչների հետ ունեցած զրույցները, որոնց ընթացքում պարզ դարձավ, որ այս տարի, մյուս տարիների համեմատ, ամենայն հավանականությամբ, պակաս թվով հայաստանցիներ կգերադասեն իրենց ամառային արձակուրդներն անցկացնել թուրքական հանգստավայրերում։

First Travel  գործակալության տնօրեն Կարեն Անդրեասյանն, օրինակ, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց, որ ինքն այս տարի որոշել է հայաստանցի զբոսաշրջիկներին դեպի Թուրքիա փաթեթներ ընդհանրապես չառաջարկել։ «Մենք այս տարի փակել ենք այդ ուղղությունը՝ հաշվի առնելով Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առկա քաղաքական գործընթացները։ Փոխարենը հայ զբոսաշրջիկներին այս ամառ կառաջարկենք իրենց հանգիստն անցկացնել Թունիսում, եվրոպական մի շարք հանգստավայրերում, ինչպես նաեւ Քոբուլեթիում»,- նշեց First Travel գործակալության տնօրենը՝ ավելացնելով, որ թեպետ Թունիսի ուղղությունը նոր է հայաստանցիների համար, սակայն իրենց խորհրդատվությանը վստահելով՝ նրանցից շատերը ցանկություն են հայտնում հանգիստը կազմակերպել հենց այդ երկրում։ «Ինչ վերաբերում է անցած տարվա նույն ժամանակահատվածում Թուրքիայում հանգստանալ ցանկացողների տվյալներին, ապա նրանք, մեր գործակալության մասով, բավականին շատ էին։ Այդ առումով տարին մեզ համար պիկային էր»,- հիշեց նա՝ միաժամանակ կանխատեսելով, որ այս ամառ մեծ կլինի հոսքը հատկապես Քոբուլեթիի ուղղությամբ։

«Արգոտուր»տուրիստական գործակալության ներկայացուցիչ հայտնեց, որ իրենց գործակալության տվյալներով՝ Անթալիայում եւ թուրքական այլ լողափերում հանգստանալ ցանկացողների թիվն այս տարի զգալիորեն քիչ է։ «Մեկ-երկու զբոսաշրջիկ Թուրքիա մեկնել են դեռ մայիսի 28-ից, սակայն հունիսի 15-ից հետո էլ առանձնապես մեծ հոսք չենք սպասում։ Նման բան ասելու հիմք է տալիս այն հանգամանքը, որ քիչ է նաեւ տոմսեր ամրագրած հաճախորդների թիվը»,- բացատրեց գործակալության ներկայացուցիչը։

«Անվատուր» գործակալությունում հայտնեցին, որ այս պահի դրությամբ հանգստի «թուրքական փաթեթներ» իրենք գրեթե չեն վաճառել։ «Հայ զբոսաշրջիկները գերադասում են հանգստանալ Կիպրոսում, Բուլղարիայում, իսկ սեպտեմբերից նաեւ՝ Արաբական Էմիրություներում»,- նշեցին այնտեղ։

Հարցին, թե որքա՞ն է ներկա պահին երկու անձի համար առաջարկվող ամենահարմար թուրքական փաթեթի գինը, գրեթե բոլոր գործակալությունների ներկայացուցիչները նշեցին, որ թուրքական լողափերում հանգստի ամենաէժան տարբերակն արժե 700-800 դոլար։ Իսկ սեզոնի ամենապիկային ժամանակահատվածում, պարզվում է, նույն փաթեթները թանկանում են մոտ 400-500 դոլարով։