Շիրակի մարզի Վարդաքար համայնքի բնակիչները գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանից փոխհատուցում են պահանջում, ոչ թե խնդրում «ման գալ ու հետ գնալ Երեւան»:

Այսօր՝ հուլիսի 8-ին, Շիրակի մարզի կարկտահարված համայնքներ այցելած Սերգո Կարապետյանին վարդաքարցիները դիմավորեցին սվիններով:

«Մենք 90 տոկոսով Հանրապետականին ձայն տված գյուղ ենք, բայց մեզ խաբված ենք զգում: Ու հիմա մենք կանգնել ենք փաստի առաջ ու օգնող ձեռքեր չունենք, հիմա եկել եք, հաստատ հարցին էլ լուծում չեք տալու: Էս համայնքը ոնց որ քարտեզից դուրս լինի, մեր համայնքում պրոբլեմներն ամենաշատն են. ոչ ոռոգման ջուր ունենք, ոչ ճանապարհներն են կարգին: Հիմա դուք եկել, էստեղ ման եք գալիս, բայց ոչ մի օգուտ չեք տալիս: Մենք պահանջում ենք փոխհատուցում, ոչ թե գալ, ծանոթանալ կարկտահարված համայնքներին ու գնալ»,- բորբոքվեց գյուղացիներից մեկը:

Ինչպես հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, գյուղնախարարը տվեց այն նույն խոստումները, ինչ որ Հովտաշենում. նախարարությունը կճշտգրտի վնասները, կփորձի օգնել գյուղացիներին: Այս խոստումից անմիջապես հետո վարդաքարցիներից մեկը հայտարարեց. «Հարգելի կառավարության անդամներ, եթե դուք մեկ օր հաց չուտեք, մենք մի հատ հակակարկտային կայան ավել կունենանք»:

Ի դեպ, Սերգո Կարապետյանի հետ հանդիպման եկել էին ընտանիքներով՝ այդ թվում կանայք եւ երեխաները:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ հուլիսի 7-ին, ժամը 17:00-ին կարկուտ էր տեղացել Շիրակի մարզում, 12 համայնքի բերքը 100 տոկոսով փչացել է: