Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն առաջարկել է Դոնեցկի Սվյատագորսկ քաղաքում Ռուսաստանի եւ ինքնահռչակ Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ներակայացուցիչների մասնակցությամբ խաղաղ կարգավորման բանակցությունների հաջորդ փուլը սկսել:

Այդ մասին մամուլի ասուլիսին հայտարարել է Դոնեցկի քաղաքապետ Ալեքսանդր Լուկյանչենկոն, հաղորդում  է «Մունիցիպալ թերթը»:

«Երեկ ես ժողովրդական պատգամավոր Բորիս Կոլեսնիկովի հետ Կիեւում հանդիպել եմ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ: Մենք խոսել ենք, որ Դոնեցկում ռազմական գործողությունների ժամանակ անհնար է կիրառել հարձակողական ինքնաթիռ եւ հրետանի: Դոնեցկում մնացած ավելի քան 900 հազար բնակիչներին անհնար է  տարհանել եւ տեղ էլ չկա»,- պատմել է քաղաքապետը:

Ալեքսանդր Լուկյանչենկոն համոզված է, որ անհրաժեշտ է այս պայմաններում բանակցությունների միջոցով բոլոր մակարդակներում ապահովել քաղաքացիների անվտանգությունը:

«Նախագահի կողմից Ռուսաստանի եւ ԼԺՀ ու ԴԺՀ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ Սվյատագորսկում բանակցությունների հաջորդ փուլն անցկացնելու առաջարկություններ եւ երաշխիք ենք ստացել», -  տեղեկացրել է քաղաքագլուխը: