Կրոնական գործերի ինստիուտի՝ Սրբազան գահի հաշիվներն ու ակտիվները սպասարկող ֆինանսական կազամկերպության (Վատիկանի բանկ) զուտ շահույթը 30 անգամ կրճատվել է, եւ կազմել 2,9 մլն եվրո:
Դրանից մեկ տարի առաջ Վատիկանի բանկի զուտ շահույթը կազմել է 86,6 մլն եվրո, հաղորդում է «ՓՐԱՅՄ»-ը:
Շահույթի կտրուկ անկումը բարեփոխումների հետեւանք է, ինչը ծրագրել էր Բենեդիկտոս 16-րդ պապը եւ կիրականացնի նրա ժառանգորդը՝ Ֆրանցիսկոսը: Մասշտաբային ստուգումների արդյունքում բանկում 3000 հաշիվ է արգելափակվել, եւս 2000-ը չեզոքացվել են:
Վատիկանի բանկի ակտիվները գնահատվում են 5 մլրդ եվրո: Ոչ պաշտոնական տեղեկատվությամբ, բանկը ներդրում է ոչ միայն իրական նախագծերում, այլ նաեւ տարատեսակ ֆինանսական գործիքներում, խաղալով բաժնետոմսերի եւ այլ ակտիվների շուկայում: Բարեփոխման արդյունքում բանկը ստիպված կլինի ամբողջովին հրաժարվել ներդրումային բիզնեսից:
Ընդ որում, վերջին տարիներին Վատիկանի բանկը բազմաթիվ սկանդալների կենտրոնում է գտնվում: Այսպես, քննիչների տվյալներով՝ Կրոնական գործերի ինստիտուտը ներքաշված է բազում ֆինանսական խարդախությունների, դրամական միջոցները կասկածելի նախագծերի տակ անհայտ մարդկանց տրամադրելու, շահույթը թաքցնելու եւ կեղծ հաշվապահության մեջ:





























