Հայաստանի մասին դրսում հազար ու մի պատմություն են պատմում. մի մասը՝ ճիշտ, մի մասը՝ չափազանցված, մի մասը՝ լավ, մի մասը՝ վատ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը արգենտինահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
«Բայց ավելի լավ է մարդ մեկ անգամ տեսնի, քան հարյուր անգամ լսի: Ձեւավորե՛ք ձեր սեփական տպավորությունը եւ սեփական պատկերացումը իրական եւ ոչ առասպելական հայրենիքի մասին: Համոզվա՛ծ եղեք, որ իրական Հայաստանը՝ Արցախով հանդերձ, ավելի գեղեցիկ ու հարազատ է, քան կարելի է երեւակայել»,- նշել է Սարգսյանը եւ հավելել. «Եթե չեք կարող ապրել Հայաստանում, ապա կարող եք ապրել Հայաստանով: Ապրել նրա հաջողություններով, հպարտանալ ձեռքբերումներով, կիսել նրա ցավերն ու բեռը: Մի սփյուռքահայ բարեկամի մտահոգել էր Երեւանում լսած մի արտահայտություն. «Հայաստանակենտրոն քաղաքականություն»: Դրանում նա տեսնում էր սփյուռքի կառույցների թերագնահատման եւ անտեսման վտանգ»«- նշել է Սարգսյանը:
Նա վստահեցրել է, թե «Հայաստանակենտրոն քաղաքականություն» ամենեւին էլ չի նշանակում սփյուռքի կառույցների թերագնահատում, անտեսում կամ ենթակայություն: «Դա բացառված է: «Հայաստանակենտրոն քաղաքականություն» նշանակում է պետական քաղաքականություն: Հայկական պետության վարած ներքին եւ արտաքին քաղաքականություն, որտեղ սփյուռքի կառույցները՝ սկաուտներից մինչեւ քաղաքական կուսակցություններ եւ հոգեւոր կենտրոններ ունեն իրենց անգնահատելի եւ անփոխարինելի դերը:
Մեր գլխավոր նպատակակետը, մեր ողջ գործունեության թիրախի կենտրոնը հայրենիքն է՝ իրական Հայաստանը: Ես եկել եմ ձեզ ասելու, որ դուք մասն եք այդ իրական ու կայացած Հայաստանի Հանրապետության»,- ասել է նախագահը:





























