Չինական գործարար Զան Բաոշենն էլեկտրական մեքենաների արտադրությամբ զբաղվող Tesla ընկերությունից պահանջում է հեռանալ Չինաստանի շուկայից եւ փակել բոլոր ցուցադրությունների սրահները, սպասարկման կայաններն ու լիցքավորման կենտրոնները, ինչպես նաեւ դադարեցնել Tesla-ի ավտոմեքենաների վաճառքն ու գովազդը երկրում: Այս մասին տեղեկացնում է Вloomberg-ը:

Նման պահանջ նա էլեկտրական մեքենաների արտադրողին ներկայացրել է, քանի որ նման անվանումով ապրանքանիշ նա գրանցել է ամերիկյան ընկերության՝ Չինաստան գալուց առաջ: Բացի շուկայից Tesla-ի հեռանալու վերաբերյալ պահանջից, Զան Բաոշենը փորձում է դատարանի միջոցով ընկերությանը 3.9 մլն դոլարի չափով տուգանել՝ հեղինակային իրավունքները խախտելու համար:

Զան Բաոշենը փորձել է Tesla ապրանքանիշն ավտոմեքենաների համար գրանցել 2006 թվականին, ԱՄՆ-ում նույնանուն ընկերության ստեղծումից երեք տարի առաջ: 2009 թվականին նա իրավունք է ստացել այդ անունն օգտագործել 10 տարի: Սակայն 2013 թվականի հուլիսին չինական վերահսկողական ծառայությունը Tesla-ի հանդեպ Զան Բաոշենի իրավունքները չեղյալ է ճանաչել:

2012 թվականի նոյեմբերին եւ 2013-ի մայիսին Tesla-ն փորձել է Զան Բաոշենից իր ապրանքանիշի իրավունքները գնել նախ 50 հազար դոլարով, այնուհետեւ՝ երեք անգամ ավելի գումարով: Զան Բաոշենը հրաժարվել է այդ առաջարկներից: