Հայաստանի ՀՆԱ 54,7 տոկոսը կենտրոնացած է 10 հարուստների ձեռքում։ ՀՀ ազգային ժողովի քառօրյայում հունիսի 8-ին ելույթ ունենալիս հայտարարել է պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը։
ԱԺ որեւէ խմբակցությունում չընդգրկված Դալլաքյանը նշել է, որ փաստացի Հայաստանում տնտեսության հիմնական ոլորտները բաժանված է մի քանի կլանների միջեւ, որոնք իրենց ունեցվածքը դիզել են՝ հարստահարելով ժողովրդին։ «Այսօր Հայաստանի տնտեսությունը ամբողջությամբ մոնոպոլացված է, այն դեպքում, երբ երկրում ամբողջությամբ գործազրկություն եւ ընչազրկություն է տիրում»,- ասել է Դալլաքյանը։
Պատգամավորի հաշվարկներով՝ Հայաստանում սպառողական նվազագույն զամբյուղը պետք է լինի 90 հազար դրամ, սակայն հանրապետությունում միջին աշխատավարձը չի անցնում 100 հազար դրամը։ «Եթե Աստվածաշունչը մեր օրերում գրեին, ու ծանոթ լինեին Հայաստանում տիրող վիճակին, ապա 10 պատվիրանների շարքում, բացի «մի՜ գողացիր»-ից, կնշեին նաեւ «հագեցի՜ր» պատվիրանը»,- նկատել է պատգամավորը։


























