Հայկական պետական մի շարք բուհերի (մասնավորապես, Երեւանի պետական համալսարանի, Հերացու անվան բժշկական համալսարանի եւ Երեւանի պետական ճարտարագիտականի) կողմից տրամադրված դիպլոմների՝ Իրանի Իսլամական Հանրապետությունում վավեր կամ անվավեր ճանաչելու հարցը կլուծվի միայն այդ երկրի կրթության ոլորտի պատասխանատուների՝ Հայաստան կատարելիք այցից եւ երկկողմ քննարկումներից հետո։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեղեկությամբ հանդես եկավ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Բաղդասարյանը։

Նրա խոսքով, մայիսի 22-24-ը Իրանում գտնվելու ընթացքում ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել եւ հայկական պետական բուհերի դիպլոմների ճանաչման հարցը քննարկել ինչպես Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի, այնպես էլ Իրանի Կրթության եւ գիտության նախարարի հետ։

«Բայց քննարկումներն այսքանով չեն սահմանափակվում։ Արմեն Աշոտյանի հրավերով մոտ ժամանակներս Հայաստան կժամանի Իրանի ԿԳՆ պատվիրակությունը, որը երկկողմ քննարկումների նպատակով կհանդիպի վերոնշյալ երեք բուհերի ներկայացուցիչների հետ, ինչից հետո էլ կողմերի միջեւ համապատասխան փաստաթուղթ կստորագրվի»,- տեղեկացրեց Բաղդասարյանը՝ ավելացնելով, որ դիպլոմների չճանաչման խնդիրը զուտ տեխնիկական է եւ արագ լուծում կստանա ամենամոտ ժամկետներում՝ իրանական պատվիրակության ժամանելուց հետո ծավալված բանակցություններից անմիջապես հետո։

Հիշեցնենք, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը Երեւանի պետական բժշկական համալսարանի դիպլոմները չճանաչելու որոշում էր ընդունել 2008 թվականին։ 2009-ին այդ երկիրն անվավեր էր ճանաչել նաեւ Երեւանի պետական համալսարանի եւ Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի դիպլոմները: