Շիրակի մարզի Ախուրիկ եւ Ղարիբջանյան համայնքների բնակիչներին բարկացրել է փաստը, որ գյուղնախարար Սերգո Կարապետյանն այսօր՝ հուլիսի 8-ին, այցելել է իրենց մարզի Արթիկի տարածաշրջանի մի քանի համայնքեր, բայց չի եղել իրենց համայնքներում, որոնք ամենաշատն են տուժել հուլիսի 7-ին մարզում տեղացած կարկուտից՝ կորցնելով հացահատիկի բերքի 100 տոկոսը։
«Մեր՝ գյուղացիներիս կողմից մեծ բարեւներ ենք ուղարկում գյուղնախարար Սերգո Կարապետյանին, որը նպատակահարմար չգտավ գալ մեր Ախուրիկ ու Ղարիբջանյան գյուղեր, կարող է պատահի՝ նա անգամ մեր գյուղի տեղը չգիտի»,- NEWS.am-ի հետ զրույցում ասացին վրդովված գյուղացիները։
Գյուղացիների խոսքով՝ իրենք գյուղնախարարին չեն ճանաչում, իսկ իրենց գյուղերը շարունակում են անտեսված մնալ նախարարության կողմից։
«Մենք անգամ չգիտենք, թե ինքն ինչ գույնի է նախարարը, ով է, ինչղ է, երեւի ինքը չգիտի, որ քարտեզի վրա կա Ախուրիկ համայնք, դրա համար էլ չեկավ մեր խնդիրը լսելու, թողնես՝ միայն իրանց գրպանները կլցնեն, իրանց համար մեկ է՝ գյուղացին կապրի, թե կմեռնի»,- ասացին ախուրիկցիները:
Ղարիբջանյացիները Սերգո Կարապետյանին դեռ երեկ էին սպասում, երբ փակել էին Գյումրի-Ղարիբջանյան ճանապարհը եւ մարզետ Ֆելիքս Ցոլակյանը համոզեց նրանց բացել ճանապարհը՝ վստահեցնելով, որ նախարարն անձամբ կգա ու կծանոթանա կարկուտի վնասներին։
«Մենք բողոքելու ենք մինչեւ վերջ, եթե պետք լինի, կառավարության շենքն էլ կփակենք, թող մեր վնասը փոխհատուցեն, անտեսում է գյուղացուն, գիտի՝ մենք մարդ չենք, անամոթի նման գողեգող եկավ ու գնաց, ամոթ ձեզի»,- ասաց գյուղի բնակիչներից մեկը։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ աշխատանքային այցով հուլիսի 8-ին Շիրակի մարզ էր այցելել գյուղնախարար Սերգո Կարապետյանը, որը շրջել էր մարզի 8 համայնքներում, եղել հացահատիկի՝ կարկուտից վնասված դաշտերում եւ բերքը 100 տոկոսով կորցրած գյուղացիներին խոստացել օգնել պարարտանյութով եւ գյուղվարկերի մարման ժամկետները երկարացնելու հարցում։











