Գրող Ջոան Ռոուլինգը հրապարակել է նոր պատմվածք հրաշագործ Հարի Փոթերի մասին: Նա յոթ տարվա ընթացքում առաջին անգամ անդրադարձել է այդ պատմությանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ռոուլինգը պատմվածքը տեղադրել է «Pottermore.com» կայքում թղթակից Ռիտա Սքիթերի անունից, ով լուսաբանում է հրաշագործների աշխարհի առաջնության՝ քվիդիչի եզրափակիչը: Իր ռեպորտաժում Սքիթերը նկարագրում է 34-ամյա Հարի Փոթերին, նրա կնոջը՝ Ջինիին, եւ նրանց ընկերներին՝ Ռոն Ուիզլիին եւ Հերմիոնա Գրեյնջերին, ովքեր մասնակցում են խաղին: Փոթերի մազերը սկսել են սպիտակել, նրա այտին սպի է հայտնվել, իսկ Ռոնի կարմրագույն մազերը սկսել են նոսրանալ:
«Ռեպորտաժի» տեքստում նշվում է, որ Հարի Փոթերը յուրացրել է «մութ հրաշագործների» որսորդի մասնագիտությունը, Ռոնն աշխատում է հրաշագործության նախարարությունում, իսկ Հերմիոնան «հրաշագործական ուժային գերատեսչություններից» մեկում ղեկավարի տեղակալ է նշանակվել:
Հարի Փոթերի մասին յոթ վեպերից բաղկացած շարքը, որը թողարկվել է 1997-2007թթ. ընթացքում, ընդհանուր առմամբ 400 մլն տպաքանակով է վաճառվել, թարգմանվել է աշխարհի 65 լեզվով: «Հարի Փոթեր» ապրանքանիշն այժմ գնահատվում է յոթ միլիարդ ֆունտ ստերլինգ:





























