Նյու Յորքի Empire State Building  երկնաքերը լուսային էֆեկտների օգնությամբ ներկայացել է գերմանական դրոշի գույներով՝ սեւ-կարմիր-դեղին՝ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Գերմանիայի հաղթանակից հետո:

Նյու Յորքի բարձրությամբ (443,2 մ)  երկրորդ երկնաքերը դրանից առաջ ամերիկյան դրոշի գույներով էր ներկայանում, երբ ԱՄՆ-ի հավաքականը դուրս է եկել մեկ ութերորդ եզրափակիչ:

Empire State Building -ը նշանակալի իրադարձությունների առթիվ համապատսխան լուսավորելու ավանդույթը գոյություն ունի 1930-ականներից, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Միաժամանակ, Բրազիլիա-Գերմանիա խաղի ժամանակ Twitter սոցցանցում մեկ րոպեի ընթացքում հրապարակված թվիթների ռեկորդ է գրանցվել: Խաղի 29-րդ րոպեում, երբ գերմանացի կիսապաշտպան Սամի Խեդիրան խփել է հինգերորդ գոլը, օգտատերերը 580 հազար 166 թվիթ են հրապարակել, հայտնում է կայքի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, Բրազիլիա-Գերմանիա հանդիպումն ավարտվել էր 1:7 հաշվով՝ հօգուտ գերմանացիների: