Վարչապետ Հովիկ Աբրահամյանին Շիրակի մարզի Սպանդարյան գյուղում դիմավորել են սվիններով։ Այսօր՝ հուլիսի 9-ին, Արեւշատ համայնքի ճանապարհին Հովիկ Աբրահամյանը, տեսնելով Սպանդարյան գյուղում հավաքված բնակիչներին, կանգնեցրեց մեքենան ու դուրս եկավ բնակիչների հետ զրուցելու։
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Սպանդարյանի բորբոքված բնակիչները վարչապետին ներկայացնում էին իրենց խնդիրները։ 3 տարի առաջ բանակում ջրծաղիկից մահացած ժամկետային զինծառայող Սերյոժա Խաչատրյանի հայրը՝ Մովսես Խաչատրյանը, վարչապետին հանդիմանեց հուլիսի 7-ի կարկուտից տուժած իրենց դաշտերը չայցելելու համար։
«Եկել, կանգնել եք, ասֆալտին, որ ինչ անեք։ Ասֆալտի վրա վնասի չափն եք որոշում, եկեք գնանք հացահատիկի դաշտերը, տեսեք, որ 100 տոկոսով բերքը փչացել է»,-ասաց գյուղացին, ինչին վարչապետը պատասխանեց. «Հիմա որ կողքիցդ անցնեի, պիտի ասեիր՝ արհամարհեց, անցավ։ Դուք էստեղ էիք կանգնել, ես էլ էստեղ կանգնեցի»։
Հովիկ Աբրահամյանի եւ գյուղացու միջեւ փոքրիկ վիճաբանություն եղավ, վարչապետը նրան հանդիմանեց իր հետ գոռալով խոսալու համար, այնուամենայնիվ, այցելեց Մովսես խաչատրյանի ցանքատարածությունը։
«Ես տեսա, համոզվեցի, որ բերքը ամբողջությամբ փչացել է։ Հիմա մենք բոլորս պիտի մտածենք այս ծանր վիճակից դուրս գալու մասին»,-գյուղացիներին դիմեց վարչապետը։
Նա Շիրակի մարզպետին եւ Սպանդարյանի գյուղապետին հանձնարարեց գնահատել վնասի չափը, ակտ կազմել եւ ներկայացնբել կառավարությանը, որպեսզի քննարկեն փոխհատուցման հնարավորությունը։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, այսօր Հովիկ Աբրահամյանը աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ, սակայն թե որ գյուղերում է լինելու եւ ինչ նպատակով, գաղտնի է պահվում: Մեր տեղեկություններով՝ մարզպետարանին հայտնել են, որ վարչապետը մասնակցելու է Արեւշատում ջրագծի բացմանը: Մինչդեռ այդ համայնքի ղեկավարը NEWS.am-ին հայտնեց, որ կառուցումը դեռ չի ավարտվել:
Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին Շիրակի մարզում տեղացած ուժեղ կարկուտի հետեւանքով մարզի 21 համայնքներում վնասվել են հացահատիկի եւ կարտոֆիլի ցանքատարածությունները, որոշ վայրերում բերքը 100 տոկոսով փչացել է։











