Հունիսի 8-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Ավստրիայի նորանշանակ դեսպան Մայքլ Փոսթլ (Mr. Michael Postl)` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ մամուլի ծառայությունից, նախարար Նալբանդյանը շնորհավորելով դեսպան Փոսթլին նշանակման կապակցությամբ, հույս է հայտնել, որ նա իր կարեւոր ներդրումը կունենա հայ-ավստրիական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդման գործում:
Է. Նալբանդյանը կարեւորել է տարբեր ուղղություններով երկկողմ համագործակցության խթանման նպատակով քայլերի ձեռնարկումը: Այդ ենթատեքստում նա նշել է, որ հունիսի երկրորդ կեսին նախատեսված Ավստրիայի ԱԳ նախարարի այցելությունը Հայաստան նոր լիցք կհաղորդի հայ-ավստրիական հարաբերություններին, հատկապես, որ նախարարի հետ Երեւան է ժամանելու ավստրիացի գործարարների ներկայացուցչական պատվիրակություն եւ տեղի է ունենալու գործարար համաժողով:
Դեսպան Մայքլ Փոսթլը շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար ընդգծել է, որ Ավստրիան մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ համակողմանի հարաբերությունների զարգացմանը եւ վստահեցրեց, որ իր առաքելության ընթացքում ջանքեր կգործադրի այդ նպատակով:
Նախարար Նալբանդյանն ու դեսպան Փոսթլը մտքեր են փոխանակել Հայաստան-ԵՄ հարաբերությունների, ինչպես նաեւ Հարավային Կովկասի տարածաշրջանային հարցերի շուրջ:


























