Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ հարաբերությունները հենց սկզբից էլ զարգացել են Երեւանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները հասկանալով, հուլիսի 10-ին «Անվտանգության նոր մարտահրավերները եւ ՆԱՏՕ-ն» թեմայով խորհրդաժողովում հայտարարել է ՆԱՏՕ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի Կովկասի և Կենտրոնական Ասիայի համակարգող Դեսպինա Աֆենտուլին՝ անդրադառնալով Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցության համատեքստում:
Ըստ նրա՝ ՆԱՏՕ-ն անհանգստացած չէ նշվածով: «Մենք Հայաստանի հետ լավ երկխոսության մեջ ենք, համագործակցում ենք անվտանգության հարցերում. հայկական զորքերը մասնակցում են ՆԱՏՕ-ի խաղաղապահ գործողություններում», - ընդգծել է Դեսպինա Աֆենտուլին:
Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի ընդլայնմանը եւ դրան Ռուսաստանի վերաբերմունքին, նա նշել է, որ դա դաշինքի ռազմավարության կայուն բաղադրիչն է: «Այս բաղադրիչը պարունակվում է դաշինքի հիմնական փաստաթղթերում եւ բաց դռների քաղաքականությունում, որոնք ենթադրում են, որ եվրոպական բոլոր երկրները կարող են ՆԱՏՕ-ին անդամակցելու ցանկություն հայտնել: Այնուհետեւ տվյալ երկիրը պետք է կատարի որոշակի պայմաններ՝ անդամակցելու համար», - նշել է Դեսպինա Աֆենտուլին:





























