Լեհաստանում ուժի մեջ է մտել մանկապիղծներին ամորձատելու օրենքը: Այսուհետ հարկադիր քիմիական ամորձատման են ենթարկվելու մանկապղծության եւ ազգականների նկատմամբ սեռական ոտնձգության համար դատապարտված անձինք:

Անչափահասների բռնաբարության մեջ մեղադրվող տղամարդիկ պետք է դեղերի ընդունման կուրս անցնեն, որը խեղդելու է սեռական ցանկությունները:Թեեւ, նման որոշում կայացնելուց առաջ դատավորները պետք է խորհրդակցեն հոգեբանի հետ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ հանցագործի բուժման կարիք ունենալու հարցը դատարանը պետք է քննարկի ոչ շուտ, քան դատապարտյալի՝ բանտից դուրս գալուց վեց ամիս առաջ, հաղորդում է Utro.ru-ն:

Քիմիական ամորձատման ընթացակարգն օգտագործվում է մի շարք երկրներում, սակայն որպես կանոն կամավոր սկզբունքներով:

Լեհ գործիչները նշում են, որ այսօր իրենց երկրում գործում են ամենախիստ օրենքները մանկապիղծների նկատմամբ: Քիմիական ամորձատման դեպքում տղամարդու օրգանիզմ է ներարկվում հատուկ դեղամիջոց, որը արգելափակում է տղամարդկային հորմոնի գործողությունը, եւ հանգեցնում սեռական ցանկության ճնշման: Նման ամորձատումը (կաստրացիան) նախատեսված է որոշակի ժամանակի համար եւ ցմահ չէ: