Ուկրաինայի արեւելքում՝ հակաահաբեկչական գործողության գոտում, զոհվել է 478 խաղաղ բնակիչ, վիրավորվել՝ 1392-ը, փոխանցում է ՈՒՆՆ-ն՝ վկայակոչելով Ուկրաինայի առողջապահության նախարարությունը:
«Կարող եմ ասել, որ վիրավորվել է 1392 մարդ, որոնցից 104 կին եւ 14 երեխա», - ասել է Ուկրաինայի առողջապահության նախարարի տեղակալ Վասիլի Լազորիշինեցը:
«Զոհերը 478-ն են: Նրանցից 30-ը՝ կին եւ 7 երեխա », - հավելել է նա:
Պետք է նշել, որ ըստ Ուկրաինայի առողջապահության նախարարության, այսօրվա դրությամբ 279 մարդ ստացիոնար բուժում է ստանում բուժհաստատություններում:
Մինչդեռ ըստ տեղի մամուլի՝ Դոնեցկի օդանավակայանի շրջանում շարունակվում են ռազմական գործողությունները: Այդ կապակցությամբ քաղաքապետարանը օդանավակայանին հարակից տարածքի բնակիչներին խնդրել է դուրս չգալ փողոց եւ նույնիսկ պատշգամբ:





























