Ռուսամետ ակտիվիստները լքել են Սեւերսկը (Դոնեցկի մարզ) քաղաքի շրջափակումից խուսափելու համար: Այդ մասին հաղորդում է Rosbalt-ը՝ վկայակոչելով ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության բանակի գլխավոր հրամանատար Իգոր Ստրելկովին:

Նրա խոսքով, ուկրաինական զինված ուժերը փորձել են հարվածել Ալեքսեյ Մոզգովոյի զինվորներին եւ շրջափակել շրջանը:

Այդ ընթացքում ուկրաինական երկու տանկ այրվել են, եւ հարձակումը հնարավոր է եղել կանխել:

Ռուսամետ ակտիվիստների տվյալներով՝ քաղաքի վրա անընդհատ հրետանային հարվածներ են տեղացել, գործարկվել են համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր եւ խոշոր տրամաչափի հրանոթներ:

Ուկրաինական հակաահաբեկչական գործողությունների մամուլի կենտրոնում նշել են, որ այժմ նշված շրջաններում շարունակվում են զինված գործողությունները եւ որ ապստամբների դուրս գալու մասին տեղեկությունները դեռեւ չեն կարող հաստատել:

Անցյալ հանգստյան օրերին մոտ 2 հազար ռուսամետ ակտիվիստներ լքել են Դոնեցկի հյուսիսում գտնվող Սլավյանսկն ու Կրամատորսկը եւ հետ նահանջել Գորլովկա: Ուկրաինական զորքերը գրավել են երկրի հյուսիսային քաղաքները եւ փորձում են շարունակել հարձակումները շրջանի հարավում:

Հուլիսի 8-ին ուկրաինացի ուժայինները հայտարարել են Դոնեցկում եւ Լուգանսկում հարձակում սկսելու պատրաստության մասին: Ընդ որում, ուկրաիանական իշխանությունները խոստացել են, որ հրետանային եւ ավիացիոն հարվածներ չեն հասցնի, այլ կշրջափակեն այդ քաղաքները՝ ստիպելով ապստամբներին զենքերը վայր դնել: