Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը հունիսի 9-ին այցելել է Տաջիկստան՝ մասնակցելու «Ջուր կյանքի համար» կոնֆերանսին:
MEHR գործակալության հաղորդմամբ, այցելության ընթացքում Ահմադինեջադը հանդիպել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ:

Ընդ որում, Տաջիկստանում Իրանի դեսպան Ալիասգար Շերդուստը հայտնել է, որ  նախագահը չի մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին, որը կայանալու է հունիսի 10-11-ը, Տաշքենդում:

Նման որոշման պատճառը դիվանագետը չի բացատրել, սակայն ասել է, որ Դուշանբեից Իրանի նախագահը հունիսի 9-ի երեկոյան չորսօրյա այցով մեկնելու է Չինաստան՝ ԷՔՍՊՈ-2010-ին մասնակցելու:

Շանհայի համագործակցության կազմակերպության մեջ ներգրավված են Ռուսաստանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը: Եւս չորս պետություններ՝ Իրանը, Պակիստանը, Հնդկաստանն ու Մոնղոլիան դիտորդի կարգավիճակ ունեն, իսկ Բելառուսը  եւ Շրի Լանկան ապրիլի վերջից՝ երկխոսության գործընկերոջ կարգավիճակ: