Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ներկայացուցիչները ապարդյուն են որակել բանակցությունների հերթական փուլը Ժնեւում, որ հրավիրվել է 2008թ. օգոստոսյան պատերազմից հետո՝ ԵՄ, ՄԱԿ եւ ԵԱՀԿ մասնակցությամբ:

«Ժնեւյան քննարկումները գտնվում են ճգնաժամում»,- հայտարարել է հարավօսական կողմի ներկայացուցիչ Բորիս Չոչիեւը:  Ընդ որում, նա մեղադրել է ԱՄՆ-ին՝ ուժի չկիրառման փաստաթղթի ստորագրմանը հակադրվելու մեջ: «Կարելի է ասել, որ ամերիկացիները նպաստում են նրան, որ ժնեւյան քննարկումները թաղվեն»,- ըստ «Նովոստի-Գրուզիա»-ի՝ ասել է Չոչիեւը:

Պաշտոնական Թբիլիսին ավելի վաղ հայտարարել էր, թե պատրաստ է ստորագրել ուժի չկիրառման պայմանագիրը, բայց միայն Ռուսաստանի հետ, որպես կողմի, որ պատասխանատու է հակամարտության գոտում տեղի ունեցողի համար:

Աբխազիայի ներկայացուցիչ Վյաչեսլավ Չիրիկբան հայտարարել է, թե հարավօսական եւ աբխազական կողմերը հատուկ հայտարարություն են պատրաստում, որում ներկայացնելու են իրենց դիտողությունները: