Հուլիսի 10-ին Ավստրալիայի հարավ-արեւելքի բնակիչներ անսովոր երեւույթի ականատես են դարձել՝ երկնքում վառվող հետագիծ թողնող հրե մեծ գունդ:

«Մենք պարզապես չէինք հասցնում պատասխանել զանգերին.  անհանգստացած մարդիկ ասում էին, որ տեսնում են, թե ինչպես է օդանավն ընկում օվկիանոս», - պատմել է Վիկտորիա նահանգի հրշեջ ծառայության ներկայացուցիչ Անդրեա Բրաունը, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Սակայն աստղագետները հայտնել են, որ իրականում ոչ մի վթար էլ  տեղի չի ունեցել, եւ ամենայն հավանականությամբ, ավստրալացիները ասուպ են տեսել:

Մինչդեռ այլ փորձագետները չեն բացառում, որ իրականում Ավստրալիայի երկնքում՝ օվկիանոսի ուղղությամբ,  ինչ-որ արբանյակի մնացորդներ են թռչել: Վկայակոչելով ՆԱՍԱ-ի տվյալները՝  Ավստրալիայի ազգային համալսարանի աստղագետ Բրայան Շմիդտը ենթադրել է, որ Ավստրալիայի երկնքում հրե գունդը «Սոյուզ-2.1բ» հրթիռակրի մնացորդներն են եղել, որը արձակվել էր հուլիսի 8-ին՝ Բայկոնուրի տիեզերակայանից:

Այս անսովոր երեւույթի մի քանի ականատեսներ կարողացել են  նկարահանել այն իրենց հեռախոսների տեսախցիկներով եւ լուսանկարներն ու տեսագրությունները տեղադրել սոցցանցերում: