ԱՄՆ-ն Մոնղոլիային է վերադարձրել երկրից մաքսանենգների կողմից ապօրինաբար դուրս բերված 18 դինոզավրերի մնացորդները: Այս մասին հատուկ միջոցառման ժամանակ հայտարարել է Նյու Յորքի Հարավային օկրուհի դաշնային դատախազ Փրիթ Բհարարան:
68-80 միլիոն տարեկան դինոզավրերի մնացորդները հայտնաբերվել էին Մոնղոլիայի տարածքում՝ Գոբի անապատում: Դրանց շարքում կան երկու տարբոզավրի եւ մեկ պրոտոցերատոպսի կմախքների հատվածներ, մի քանի թռչնակերպերի լավ պահպանված ոսկորներ, ինչպես նաեւ դինոզավրի քարացած ձու:
Ըստ Բհարարայի՝ մնացորդները ցուցադրվելու են Մոնղոլիայում կառուցվող թանգարանում, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Դինոզավրերի առեւանգված կմախքների որոնումները տեւել են երկու տարի:
2012 թ. մայիսին կմախքներից մեկը վաճառվել էր Նյու Յորքի աճուրդում՝ 1,05 միլիոն դոլարով: Սակայն գործարքի օրինականությունը վիճարկել էր Մոնղոլիայի կառավարությունը, եւ քննություն անցկացնելուց հետո մնացորդները վերադարձրել էին այդ երկրին:




























