Հայաստանի կառավարության շենքի առջեւ, որտեղ ժամանակավորապես անցկացվում է խորհրդարանական քառօրյան,  շարունակվում են «Լեզվի մասին» եւ «Ընդհանուր կրթության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու դեմ բողոքի գործողությունները:

Ինչպես հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը դեպքի վայրից, ակցիային մասնակցում են մոտ երկու տասնյակ մարդիկ, նույնքան էլ իրավապահներ: Նրանք պահանջում են Հայաստանի Ազգային ժողովի օրակարգից հանել օտարալեզու դպրոցների ստեղծման օրինագիծը:

Բողոքի գործողության մասնակիցները պահել են պաստառներ «Լեզուն գույք չէ պարտքի դիմաց», «Ոչ հակազգային օրինագծին» վերտառություններով:

Հավաքվածները կառավարող Հանրապետական կուսակցության յուրաքանչյուր ներկայացուցչի հայտնվելուն պես բղավում են «Ամոթ» եւ «Դավաճան»: Հատկապես բուռն էր արձագանքը, երբ անցնում էր Գիտության, կրթության, մշակույթի, երիտասադրության եւ սպորտի հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը:

Ակցիայի մասնակիցները «բարի» խոսքերով էին հիշում Հայաստանի գիտության եւ կրթության նախարար Արմեն Աշոտյանին, բղավում, որ «հայ չէ, այլ Հայաստանին թշնամի ժողովրդի ներկայացուցիչ»:

Օրինագծերը նախատեսում են չեղյալ հատարարել 90-ականների սկզբին ընդունված արգելքը, որով արգելվում էր Հայաստանի հայազգի քաղաքացիների երեխաներին օտարալեզու կրթություն տալը: Օրինագծերն ընդգրկված են խորհրդարանի հունիսի 7-10-ի քառօրյայում: