Նյու-Յորքի բնակիչ Ջաբիր Քոլինզը դատարանի սխալ որոշման պատճառով ստիպված է եղել 15 տարի ազատազարկման մեջ անցկացնել: Հուլիսի 10-ին Քոլինզը Նյու-Յորք նահանգի դատախազության հետ 3 մլն դոլարի չափով փոխհատուցման համաձայնություն է ստորագրել, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
1994թ. 22-ամյա Քոլինզը կալանավորվել էր գողության նպատակով բրուքլինյան ռաբբիի սպանության կասկածանքով: Ամերիկացին անմիջապես ոստիկաններին հայտարարել էր սխալմունքի մասին. հանցագործության իրականացման պահին նա իր տանն է եղել: Սակայն դատարանում երկու ականատեսներ հայտարարել են, որ իբրեւ թե տեսել են՝ ինչպես է Քոլինզը լքում հանցագործության վայրը: Արդյունքում դատարանը մեղավոր է ճանաչել տղամարդուն եւ ցմահ ազատազրկման դատապարտել:
Սակայն ամերիկացին չի հուսահատվել. նա գրանցվել է բանտային գրադարանում եւ սկսել իրավագիտություն ուսումնասիրել: Քոլինզը պահանջել է տրամադրել գործի նյութերը եւ մի քանի բողոք ներկայացրել: Արդյունքում նրան հաջողվել է ապացուցել, որ դատախազությունը ականատեսներին ստիպել է սուտ վկայություններ տալ: 2010թ. նոր փաստերի ուսումնասիրությունից հետո դատարանը տղամարդուն անմեղ է ճանաչել եւ ազատ արձակել:





























